Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Կառուցվածքային փոփոխություններ կառավարությունում

Կառուցվածքային փոփոխություններ կառավարությունում
22.09.2016 | 23:01

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ է առաջարկում: Ըստ կառավարության նիստում ներկայացված օրինագծի, վերացվելու է քաղաքաշինության նախարարությունը՝ այն կդառնա կոմիտե, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կվերանվանվի ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն:

«Մենք հատուկ ուզում ենք շեշտադրում դնել գործարարին, ինվեստորին, որ՝ դուք ունեք միացյալ մի օղակ, որտեղ գալիս եք ձեր բողոքները, պահանջները, ցանկությունները, առարկությունները, խորհուրդները ներկայացնում եք, և այդ օղակը լինելու է այն օղակը, որը գործարարի ձեռքը բռնած անցնելու է, որպեսզի իրեն խոչընդոտ չստեղծեն»,- նշեց Կարապետյանը:


Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը անվանափոխությանը դեմ է։
«Որպես էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար ինձ ցանկալի չէ էկոնոմիկա արտահայտությունը հանելը, առավել ևս, երբ էկոնոմիկան ես պատկերացնում եմ շատ ավելի լայն, քան միայն ներդրումներն են, կամ ձեռնարկատիրության աջակցությունը»,- այս առնչությամբ ասաց Մինասյանը:
Վերացվող քաղաքաշինության նախարարության փոխարեն առաջարկվում է ստեղծել ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանման կոմիտե:
«Ես գիտեմ մշակույթի նախարարի կարծիքը, որ դա սխալ է, որ մշակույթը ավելի ճիշտ կպահպանի, որովհետև ճարտարապետները ավելի ագրեսիվ են, ժամանակակից են, կփոխեն, բայց մենք ուզում ենք ուղղակի այդ ոլորտը մասնագիտացված բերենք այդտեղ»,- պարզաբանեց Կարեն Կարապետյանը:


Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը առարկեց. «Իմ կարծիքով, քաղաքաշինության խնդիրները դնել մի տրամաբանության, մի կառույցի մեջ հուշարձանների պահպանության ոլորտի հետ, դա նշանակում է, որ մենք լուրջ վտանգել ենք պատմամշակութային ժառանգության պահպանությունը»:


Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև վերանվանել էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ դարձնելով էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ներառելով նաև ջրային ռեսուրսները, որն այժմ գյուղնախարարության ենթակայության տակ է: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը էկոնոմիկայի նախարարությունից կփոխանցվի տրանսպորտի և կապի նախարարությանը: Կարեն Կարապետյանն ասաց՝ նորանշանակ նախարարը հասկանում է ոլորտից: Նույն նախարարության կազմ կմտնի նաև ավիացիան: Կոմիտեի տեսքով կառանձնացվի տուրիզմի ոլորտը:


ՀՀ կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի ու էկոնոմիկայի նախարարություններն անվանափոխվեցին, իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ընդհանրապես վերանում է:


Նախարարների նոր անվանումները.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,
2) առողջապահության նախարար,
3) արդարադատության նախարար,
4) արտաքին գործերի նախարար,
5) արտակարգ իրավիճակների նախարար,
6) բնապահպանության նախարար,
7) գյուղատնտեսության նախարար,
8) ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարար,
9) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար,
10) կրթության և գիտության նախարար,
11) մշակույթի նախարար,
12) պաշտպանության նախարար,
13) սպորտի և երիտասարդության հարցերի նախարար,
14) սփյուռքի նախարար,
15) տարածքային կառավարման և զարգացման նախարար,
16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար,
17) ֆինանսների նախարար,
18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար,
19) միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար»:

Դիտվել է՝ 815

Մեկնաբանություններ